Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ինտրիգային հայտարարություն արեց: Նրա խոսքով՝ «չնայած Ադրբեջանի ու Ռուսաստանի կողմից որոշակի ճնշմանը, Հայաստանը դեռ չի ուզում փոխել իր դիրքորոշումը»: Երեք նախարարների հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ընդգծվում էր 2016-ի մայիսին ու հունիսին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի սամմիթներում ձեռք բերված համաձայնությունների կատարման անհրաժեշտությունը: Այդ համաձայնությունները, որ Բաքուն այդպես էլ չստորագրեց, նախատեսում են կոնֆլիկտի կողմերի շփման գծում վերահսկողության համակարգերի ստեղծում և միջազգային դիտորդների տեղակայում: Այդ պատճառով Մամեդովի հայտարարությունը անտրամաբանական է թվում:
Եթե ընդհանրապես կա ինչ-որ ճնշում, ավելի շուտ Մոսկվան ու Երևանը, որ հայտարարում են համաձայնություններին իրենց հավատարմությունը, կարող են Ադրբեջանի վրա ճնշում գործադրել: Դատելով տեղեկատվության պաշտոնական մակարդակից՝ դրական է, որ կողմերը վերականգնեցին ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունները: Այնուհանդերձ, Մամեդովի հայտարարությունը կարևոր է: Բաքվի ԶԼՄ-ներում ձևավորվել է կայուն դիրքորոշում, որ Բաքու-Երևան երկխոսության թեման է, թե քանի շրջան պետք է փոխանցել Ադրբեջանին: Ավելին՝ այդ վարկածը իբր թե անսպասելի «հաստատում» է ստանում: Վերջերս Բաքվում էր ռուս գլխավոր «եվրասիացիներից» մեկը՝ քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը: Նրա խոսքով՝ «առաջիկա օրակարգում հինգ շրջանների փոխանցումն է Ադրբեջանին, որ ամենագլխավորն է «Լավրովի պլանում», որին «մեր խումբը նույնպես խառնվել է, ես անձամբ եմ այդ պլանը քննարկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ»: Չավուշօղլուի հետ կարելի է խոսել ինչ ասես: Բայց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերքել է ու հերքում է որևէ «պլան» ունենալը ԼՂ հարցում, որ հաստատում է և ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Ճիշտ է՝ Հոգլանդը ճշտում է, որ կա փաստաթուղթ, որի շուրջ կողմերը բանակցում են, բայց դա չի կոչվում «Լավրովի պլան»: Այդ «պլանը» երեք մաս ունի, մանրամասները չեն բացահայտվում: Գուցե սա հենց այն իրավիճակն է, երբ ասում են՝ ծուխն առանց կրակի չի լինում:
Իր գնահատականներում միշտ զգույշ բրիտանացի վերլուծաբան, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը «հանկարծ» azeri.Today-ին հայտարարում է. «Յուրաքանչյուրը, ով վերլուծում է ղարաբաղյան կոնֆլիկտը, հասկանում է, որ գոյություն ունեն որոշակի բազային կոմպրոմիսներ, որոնք պետք է ընդունի կողմերից ամեն մեկը: Ադրբեջանական կողմից կոմպրոմիսը ենթադրում է Ղարաբաղի հայերի ինքնակառավարման համաձայնություն, այսինքն՝ նրանք ուղիղ Բաքվին չեն ենթարկվելու, և լինելու են ինքնատիպ միջանցք Հայաստան՝ Լաչինի միջով: Հայկական կողմից դա նշանակում է, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի շրջակա շրջանների վերադարձ՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի և Զանգելանի, իսկ հետո Քելբաջարի և Լաչինի «ոչմիջանցքային» մասի՝ Լաչինի կարգավիճակի առանձին քննարկումով»: Վաալի խոսքով՝ «կոմպրոմիսներ լինում են միայն փոխադարձ վստահության և անվտանգության զգացողության մթնոլորտում, որ բացարձակապես գոյություն չունի այս պահին»: Այս խնդիրների շուրջ Արմինֆոյին տված հարցազրույցում ՌԴ արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար և ԱԳՆ նախկին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը ասել է. «Ես ղարաբաղյան հարցի լուծումը թողնում եմ Երևանի, Բաքվի և, անկասկած, Ստեփանակերտի հայեցողությանը: Առանց Ստեփանակերտի որևէ հաստատուն, խաղաղ կարգավորում չի լինելու: Չճանաչված պետության իրավիճակը նաև որոշակի հոգեբանական ներգործություն ունի այդ պետության քաղաքացիների վրա: Առաջին հերթին, կարծում եմ, դա պետք է հաշվի առնեն Երևանում, երկրորդ հերթին՝ Բաքվում: Բաքվի համար այդ հարցը, իմ կարծիքով, լուծված է՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում հազիվ թե երբևէ լինի: Հայաստանի համար՝ ոչ, և այստեղ դեռ պետք է պարզել: Ընդ որում, Ադրբեջանի ուղիղ ցամաքային կապը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով, իմ կարծիքով, որոշակի փոխհատուցում է Բաքվին: Ճիշտ ինչպես Ադրբեջանին 7 շրջանների վերադարձը, որ հիմա Հայաստանի վերահսկողության տակ են: Իհարկե, այդ տարբերակը գուցե ոչ բոլորին է ձեռնտու, բայց բոլոր դեպքերում տարածքային լուրջ հավակնությունների հիմք չի լինի»:
Փաստորեն՝ մի քանի շրջաններ Ադրբեջանին վերադարձնելու հարցը «նետված է» տեղեկատվական քաղաքական տարածք և ակտիվորեն քննարկվում է տարբեր մակարդակների փորձագետների կողմից՝ ունենալով կարևոր նրբերանգներ: Ալեքսանդր Դուգինը «Новая Эпоха» պորտալին տված հարցազրույցում հայտարարել է. «Ռուսաստանի դերը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործում, մասնավորապես Ադրբեջանին թեկուզ 7 շրջաններից 5-ի վերադարձի հարցում առանցքային թեմա է լինելու: Մենք գործնականում դրան ենք մոտենում, համապատասխանաբար կոչնչացվեն ու կվերացվեն բոլոր պատնեշները, որ խոչընդոտում են առավել սերտ համագործակցությանը տրանսազգային մի շարք միություններում: Դա կարող է լինել և ԵԱՏՄ-ն, կարող են լինել և այլ նախաձառնություններ: Այդ պատճառով Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխիք, ներառյալ վարչական տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումն է Ադրբեջանի մաս, որ առանցքային է Ադրբեջանի ինքնիշխանության պահպանության ճարտարապետության մեջ: Եվ այդ հարցը Ղարաբաղի մասին չէ, այդ թեման այսօր ռուս-ադրբեջանական-հայկական դիվանագիտության առաջ է՝ նախագծի հետ Թուրքիայի ու Իրանի լիակատար համաձայնությամբ: Տարածաշրջանային բոլոր խաղացողները շահագրգռված են դրանում, բացի Արևմուտքից, որ սաբոտաժ է անելու ցանկացած խաղաղարար ջանք տարածաշրջանում: Հենց մենք դա հասկանանք և մշակենք Արևմուտքի այդ ծրագրերին հակագործողության ծրագիր, իրավիճակը սրընթաց կզարգանա: Երկրորդ փուլը կարելի է սկսել ավելի ուշ, որովհետև առավել մանրամասն քննարկում է պահանջում»:
Այլ կերպ ասած՝ Դուգինը Ադրբեջանին հրավիրում է ԵԱՏՄ՝ չբացառելով կոնֆլիկտի կարգավորման գործընթացում Իրանի ու Թուրքիայի ներառումը: Տրուբնիկովը Արմինֆոյին տված հարցազրույցում այլ կերպ է դատում. «Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղում առանց այդ էլ պարզ է՝ Ղարաբաղում չպետք է լինեն հաղթողներ ու պարտվողներ: Եվ կոնֆլիկտի երկրներից ոչ մեկը չպետք է ու չի կարող իրենց ուժեղացնել երրորդ կողմի ազդեցության հաշվին: Այնտեղ, ուր կոմպրոմիս չի լինի, այնտեղ, ուր ռևանշի ազատություն կմնա, վերջնական համաձայնությունը հնարավոր չէ: Դա կլինի միայն ժամանակավոր համաձայնություն: Այդ պատճառով Ղարաբաղի հարցը պետք է լուծել մեկ և ընդմիշտ»: Եվ հավելում է. «Մինսկի խմբի ձևաչափը այդ խնդրի լուծման համար լիովին բավարար է: Բոլոր դեպքերում, նվազագույնը, չպետք է խնդրին առավել մեծ ինտերնացիոնալացման տարածք տալ: Միջնորդները բացահայտորեն հերիք են և լրացուցիչ ոչինչ պետք չէ գործընթացում ներգրավել, որովհետև անհատական որակներով և Ռուսաստանը, և ԱՄՆ-ը և Ֆրանսիան խաղում են ամենալուրջ դերը ամենաբարձր մակարդակով շփումներում»:
Իհարկե, Դուգինը, Թոմաս դե Վաալը, Տրուբնիկովը փորձագետներ են և իրավունք ունեն իրենց դատողություններն ու վարկածները հրապարակել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման ու տարածաշրջանում իրավիճակի զարգացման հնարավորությունների շուրջ: Բայց կա պաշտոնական դիրքորոշում, որի հետ պետք է հաշվի նստի ցանկացած մակարդակի փորձագետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում ելույթ ունենալով միջմշակութային երկխոսության IV համաշխարհային ֆորումում, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մասին հայտարարեց, որ «միջազգային իրավունքի նորմերը, ցավոք, չեն աշխատում»՝ հիշատակելով ՄԱԿ-ի ԱԽ չորս հայտնի բանաձևերը: Դա փաստորեն զրոյացնում է իրավիճակը:
Հ.Գ. Բաքուն գուցե զրոյացնում է իրավիճակը, բայց ինչո՞ւ է մինուսացնում Ռուսաստանը: Ոչ Դուգինի, ոչ Տրուբնիկովի, ոչ էլ Վաալի անկախ փորձագիտական «եզրակացությունները» չեն լուծում հասարակությանը հակամարտության խաղաղ կարգավորմանը պատրաստելու խնդիրը, հակառակն են անում՝ սպառազինված Ադրբեջանին թևեր են տալիս, իբր միջազգային իրավունքով պաշտպանված լինելու, իսկ Հայաստանին մղում են բացահայտ պարտվողական տարբերակի՝ տարածքներդ հանձնիր, կարգավիճակ չես ստանա, քո երկրի տարածքով էլ միջանցք տուր, որ Լաչինի միջանցքը ստանաս, ու ոչ մի հոդաբաշխ բացատրություն, թե ինչու: Փորձագետները պարտավոր են խելացի լինել, իսկ եթե նրանք արտահայտում են բացարձակապես կողմնակալ տեսակետներ, ուրեմն գործին խառնվել է կամ պետական պատվերը, կամ վարձը և անկախ տեսակետի անաչառությունից մնացել է պարզապես ծառայություն ինչ-որ կողմի շահերին: Համենայն դեպս՝ կամա թե ակամա Դուգինի պես ինքնամեծար խելագարը խոստովանել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում միայն Ֆրանսիան ու ԱՄՆ են կանխում հարցի ադրբեջանամետ լուծումը: Ճիշտ է՝ նա դա անվանում է «սաբոտաժ» ցանկացած խաղաղարար ջանքի և առաջարկում է հասկանալ ու մշակել Արևմուտքի ծրագրերին հակազդեցության ծրագիր, հընթացս էլ աղավաղում է իրականությունը՝ Իրանին վերագրելով նույն դիրքորոշումը, ինչ ունի Թուրքիան: Իրականում վտանգավորը ոչ թե դուգինատրուբնիկովավաալներն են, այլ լռությունը, որ փորձագիտական դաշտում տիրում է նրանց՝ հասարակական կարծիքի ուսումնասիրման, արձագանքների տոկոսային հարաբերություն հաշվարկելու համար գործող մեծ ինստիտուտներին անգործ չթողնելու նպատակով, պարբերաբար տեղեկատվական տարածք նետվող «ստույգ լուրերից» հետո: Այն տպավորությունն է, որ հայկական կողմը կամ խորապես անտարբեր է, կամ ասելիք չունի, կամ էլ փող չունի, որ իր տեսակետը ևս հրապարակ նետի: Զինվորը չի անելու դիվանագետի ու փորձագետի գործը: Իսկ այսպես՝ Շուշիի գրավման օրը Շուշին հանձնելու ճանապարհին ենք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ